Հայ
Eng
«Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում (ԳԱՏԱՀ) սեկտորի ջերմոցային գազերի ազգային կադաստրի մշակում» խորագրով աշխատաժողովի ընթացքում տվյալների թերի լինելու կամ բացակայության վերաբերյալ բարձրացված հարցերը
11 մարտի 2022

«Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում (ԳԱՏԱՀ) սեկտորի ջերմոցային գազերի ազգային կադաստրի մշակում» խորագրով աշխատաժողովի ընթացքում տվյալների թերի լինելու կամ բացակայության վերաբերյալ բարձրացված հարցերը

Alt

«ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույցը» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակում 2022 թ. փետրվարի 25-ին  կայացած «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում սեկտորի ջերմոցային գազերի ազգային կադաստրի մշակում» խորագրով աշխատաժողով, որի նպատակն էր ներկայացնել և քննարկել տվյալների թերի լինելու և բացակայության վերաբերյալ հարցերը, արտանետումների ազգային գործակիցների հաշվարկման առկա խնդիրները։

 

ԳԱՏԱՀ սեկտորի փորձագետ Անաստաս Աղազարյանը, ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները և բացերը, մասնավորապես շեշտել է, որ.

 

  • տվյալների զգալի մասը փորձագիտական գնահատականներ են առանց չափումների կամ հաշվառման, ինչը նշանակում է, որ տվյալները վիճակագրական առումով անորոշ են և արտանետման գործակիցներն ունեն ցածր ներկայացուցչականություն և արժանահավատություն,
  • կենդանիների համարակալման համակարգի բացակայությունը, սպանդանոցների սահմանափակ հասանելիությունը և սպանդի ենթարկված կենդանիների հաշվառման համակարգի բացակայությունը, որը թույլ չի տալիս կենդանիների քանակի վերաբերյալ ունենալ հստակ ցուցանիշներ,
  • հողերի դասակարգմանը վերաբերող պաշտոնական վիճակագրությունը որոշ դեպքերում փոխարինվել է փորձագիտական գնահատականներով. Դա վերաբերում է հողերի դասակարգմանն ըստ կլիմայական և Էկոլոգիական գոտիների, կենսաֆիզիկական բնութագրիչների, մարդկային գործունեության տեսակների և այլն,
  • գոմաղբի կառավարումից արտանետումների գնահատման առկա խնդիրներից են չափումների կամ հաշվառման վրա հիմնված տվյալների բացակայությունը և ընտրանքային հետազոտություններով ստացված տվյալների ցածր ներկայացուցչականությունն ու արժանահավատությունը։

Անտառային տնտեսության հարցերով փորձագետ Վահե Մացակյանը ներկայացրեց «Անտառային հողեր»  սեկտորի ազգային կադաստրի մշակման խնդիրները։ Նա ընգծեց, որ անտառհաշվառման և կադաստրի գործընթացները համակարգված չեն, որի հետևանքով որոշ տվյալներ բացակայում են, իսկ որոշներն ունեն մեծ անորոշություն։

 

Անտառածածկի ընդհանուր մակերեսը, անտառների տարեկան միջին աճը,  թաղիքում ածխածնի պարունակությունը և հողում ածխածնի պարունակությունը այն բացակայող տվյալներն են, որոնք պետք է հաշվարկվեն և ընդհանրացվեն անտառների հաշվառման արդյունքում։

 

Ինչ վերաբերում է անորոշություն պարունակող տվյալների, ապա դրանք են անտառից դուրս եկած փայտանյութի ծավալը, փայտանյութի ծագումն ու պիտանելիությունը։ Օրինակ՝ վառելափայտի ծավալների վերաբերյալ 2017 թվականին ըստ պաշտոնական տվյալների օգտագործվել է 82743 խմ, իսկ ըստ Էներգետիկ բալանսի՝ 665828 խմ փայտանյութ։

 

Աշխատաժողովն ամփոփվեց քննարկումներով և մի շարք առաջարկություններով։

 

Կլիմայական քաղաքականության վարչություն պետ Նոնա Բուդոյանն առաջարկեց ՋԳ գույքագրման կազմակերպման նպատակով մշակել ուղեցույց, որը կհաստատվի նախարարի հրամանով և որտեղ հստակ նշված կլինեն ոլորտներն ու հաշվարկների համար գործակիցները։ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն արձագանքելով այդ առաջարկին նշեց, որ հիմնական փաստաթուղթը IPCC-ի ուղեցույցն է, որը միատեսակ մոտեցում է ապահովում բոլոր երկրների համար, և այն տեղայնացնելու կամ հաստատելու կարիք չկա, մինչդեռ տվյալների աղբյուրների սահմանումը և դրանց հաշվարկի մեթոդաբանությունը հենց «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագրի խնդիրն է։ Փորձագետ Արամ Գաբրիելյանը նշեց, որ ուղեցույցը կարող է կազմակերպչական բնույթ կրել՝ սահմանելով գերատեսչությունների պատասխանատվությունը։

 

Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետ Նարինե Հակոբյանը նշեց, որ տվյալների մուտքագրումը պետք է ճիշտ արվի, ինչը կախված է առկա տվյալների բազայից, որն այս պահին լավ վիճակում չէ։ Այս պահին ընթանում են ինտեգրված կադաստրի ստեղծման աշխատանքները, որի շրջանակում հողերի և անտառների տվյալների բազաները, ենթադրաբար, կանցնեն թվային համակարգի, և այս առումով տեղի կունենա նաև համայնքների հզորացումը` հողային ռեսուրսների  տվյալների մասով իրենց գործառույթների իրականացման նպատակով։ Դա նշանակում է, որ տվյալների մուտքագրման արժանահավատությունը կբարձրանա, քանի որ հենց համայնքներից ստացվող ավելի ճշգրիտ տվյալների շնորհիվ հնարավոր է ունենալ հավաստի արդյունքներ։ Ինտեգրված կադաստրի մշակման աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թվականին։

 

Խոսելով տվյալների անճշտությունների մասին Դիանա Հարությունյանը նշեց, որ պետության կողմից միջազգային կազմակերպություններին (Միջազգային էներգետիկ գործակալություն, ՄԱԿ-ի ԿՓՇԿ) ներկայացվող երկու տարբեր հաշվետվություններում միևնույն ցուցանիշի (վառելափայտ) երկու` իրարից խիստ տարբերվող թվեր են օգտագործվում։ Մի թիվը վերցվում է Վիճակագրական կոմիտեի տնային տնտեսությունների հարցումներից, իսկ մյուսը ստացվում է Շրջակա միջավայրի նախարարությունից։ Նշված հարցի առնչությամբ քննարկում ծավալվեց՝ հետազոտությունների մեթոդաբանության, ընտրանքի ներկայացուցչության և հարցազրուցավարների մասնագիտական հմտությունների վերաբերյալ։

 

Քննարկումների ընթացքում կրկին ընդգծվեց ինստիտուցիոնալ լուծումների անհրաժեշտությունը և տվյալների հավաքագրման գործում պետական գերատեսչությունների ակտիվ դերակատարության կարևորությունը։

 

«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը» ծրագրի շրջանակում ԳԱՏԱՀ սեկտորի վիճակագրական տվյալների առկայության և որակի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև տվյալների բացերի վերացման կամ նվազեցմանն ուղղված քննարկումները շարունակվելու են համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ մասնավորապես ազգային վիճակագրական կոմիտեի մասնագետների հետ առաջարկությունների մշակման և  ցուցանիշների բարելավման հարցերը ներկայացնելու համար։ Հաշվի է առնվելու նաև ԿՓ զեկույցներում ըստ սեռի տարանջատված տվյալների ներկայացման  պահանջը։

 

Աշխատաժողովին մասնակցեցին գիտահետազոտական և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները, ոլորտի մասնագետները և վիճակագիրները, պետական գերատեսչությունների ներկայացուցիչները: Ընդհանուր թվով 59 մասնակիցներից 27 միացել էին անցանց, 58 (34 հոգի) կանայք էին։

 

Անաստաս Աղազարյան․ «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօտագործում» սեկտորի ջերմոցային գազերի ազգային կադաստրի մշակում

 

Վահե Մացակյան«Անտառային հողեր» սեկտորի ազգային կադաստրի մշակում

 


Կիսվել